Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում:
Ինչպես գրում է«Արևելք» պարբերականը, շրջանում գործում են երկու հայկական կենտրոն, «Եփրատ» վարժարանի նախակրթարանն ու միջնակարգ դպրոցը: Դպրոցի աշակերտները հիմնականում հայեր են: Կենտրոնների պահպանման ծախսերը հոգում է շրջանի Հ.Յ.Դ. «Վան» կոմիտեն, ինչպես նաև եկեղեցին ու անհատ բարերարներ: Կենտրոնների ապահովությունն են ապահովում շուրջ 200 երիտասարդներ: Նրանք ստացել են հատուկ փաստաթղթեր, որպեսզի ճանաչելի լինեն շրջանում գործող այլ ուժերի համար: Գիշերները հայկական թաղամասերում մեքենաներով շրջիկ հսկողություն է իրականացվում: Ավտանգությունն ապահովող հայերի սնունդի, հագուստի և այլ կարիքների ծախսերը հոգում են բարերարները:
Շրջանը ջրի սուր պահանջ ունի: Պատասխանատու մարմինները ջուր են տրամադրում ոչ միայն հայերին, այլ տեղի քրիստոնյա ընտանիքներին:
Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։
Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:
2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: