Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կազմել է Եվրամիության երկրնեի ղեկավարներին ուղղված 16 կետից բաղկացած առաջարկների և պահանջների ցանկ, որոնք ուղղված են Եվրոպայի սահմաններին տիրող քաոսի կասեցմանը, հայտնել է Spiegel-ը:
«Սահմաններն անարգել հատելու քաղաքականությանն աջակցելն անընդունելի է»,-ասված է ցանկի 12-րդ կետում, որի հիմնական պահանջն է, որ եվրոպական երկրները դադարեն առանց հարևանների համաձայնության հազարավոր ներգաղթյալնների ուղարկել այնտեղ: «Հարևանները պետք է միմյանց հետ աշխատեն, ոչ թե իրար դեմ»,-ասել է Յունկերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում է հրավիրել հոկտեմբերի 25-ին:
Եվրահանձնաժողովի նախագահը նաև կողմ է արտահայտվել շփման խմբի ստեղծմանը, որի անդամները կլինեն ԵՄ երկրների ներկայացուցիչները: Ըստ ծրագրի, եվրոպական երկրների կառավարությունները պետք է մեկական մարդ ընտրեն խմբին մասնակցելու համար ոչ ուշ, քան միգրացիային նվիրված կիրակնօրյա գագաթնաժողովից 24 ժամ անց: Դա թույլ կտա տեղեկություններ փոխանակել գրանցված միգրանտների մասին:
Սլովենիայում իրավիճակի կայունացման նպատակով, որը ծանր ժամանակներ է ապրում այն բանից հետո, երբ Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ սահմանը, Յունկերն առաջարկել է լրացուցիչ 400 սահմանապահ գործուղել այնտեղ: Նա նաև կողմ է արտահայտվել ապաստան չստացած փախստականներին որքան հնարավոր է շուտ արտաքսելուն:
«Պետությունների ղեկավարները պարտավորվում են ավելացնել կարիքավորներին ընդունելու և նրանց օթևան, սնունդ, բուժօգնություն, ջուր և սանիտարական պայմաններ տրամադրելու իրենց հնարավորությունները»,-ասվում է ցանկում: Յունկերը հավելել է, որ եթե երկրները չկարողանան դա անել, հարկ կլինի դիմել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին, որն ուղղված է արտակարգ իրավիճակներին արձագանքելում համագործակցության ավելացմանը: Յունկերի կազմած առաջարկների ցանկը ներկայացվել է գագաթնաժողովի մասնակից բոլոր երկրներին նախնական ծանուցման համար: Գագաթնաժողովում նախատեսվում է ցանկի քննարկում և ընդունում:
Մինչդեռ Թուրքիան հիշեցրել է, որ համաձայն է օգնել ներգաղթյալներին, եթե ԵՄ-ն տարեկան 3.3 մլրդ դոլար հատկացնի։ INTERFAX.RU-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Ենելը:Վերջինիս խոսքով` համագործակցությունը տեղի կունենա, եթե միայն ԵՄ-ն կատարի իր 4 պարտավորությունները, հայտնում է Tert.am-ը։
Գումար հատկացնելուց բացի խոսքը նաև Թուրքիայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերականգնման, թուրք քաղաքացիների համար ԵՄ-ի ազատ մուտքի ռեժիմի և ԵՄ գագաթնաժողովներին Թուրքիայի ղեկավարությանը հրավիրելու մասին է:
ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպմանը կմասնակցեն Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովենիայի ղեկավարները: Հրավիրված է նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգը և փախստականների գծով ՄԱԿ գերագույն հանձնակատարը:
ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: