16 նոյեմբերի 2006 - 12:54 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մինսկում նոյեմբերի 28-ին
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբրի 28-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունները դժվար են ընթացել, սակայն կառուցողական են եղել, նշել է Թ.Թաղիզադեն: Նախարարներին հաջողվեց քննարկել նախկինում չհամաձայնեցված պահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում: Որպես բանակցությունների դրական պահ Թ.Թաղիզադեն նշել է բանակցային գործընթացի բոլոր տարրերի եւ բաղադրիչների քննարկումը նախարարների կողմից: Նոյեմբերի 21-23-ին նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: