16 նոյեմբերի 2006 - 13:46 AMT
ԵԱՀԿ-ն լավագույն տեղն է Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար
ԵԱՀԿ-ն լավագույն տեղն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` մեկնաբանելով այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի ակտիվ մասնակցության հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Միեւնույն ժամանակ դիվանագետը գտնում է, որ մի շարք միջազգային խմբերի եւ մարմինների հայտարարությունները, որոնք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ համանախագահների հիմնական սկզբունքները կարող են որոշակիորեն օգտակար լինել խաղաղ գործընթացի համար: Մեծ ութնյակի երկրների առաջնորդները նման հայտարարություն են արել հուլիսին Սանքտ Պետերբուրգում, հավելել է նա:

Մ.Բրայզան հիշեցրել է, որ վերջերս ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն միասին առաքելություն կազմակերպեցին ռազմաճակատի գծում հրդեհների առիթով: Նրա խոսքերով, առաքելության մեջ ընդգրկվեցին ինչպես ադրբեջանցի փորձագետներ, այնպես էլ ղարաբաղցի հայեր: «Համարելով, որ նման համագործակցությունը դրական նշան է, ես հուսով եմ, որ երկու կողմերը ապագայում համաձայնության կգան նման միջոցառումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ, որոնք ուղղված են վստահության միջոցառումների հզորացմանը»,-ընդգծել է Մ.Բրայզան:

Դիվանագետը ոգեւորություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների դրական տրամադրվածության եւ անկանխակալության, ինչպես նաեւ բանակցությունները համանախագահների հիմնական սկզբունքներին հավատարիմ անցկացնելու նրանց ցանկության առիթով: «Մենք շարունակում ենք հավատալ, որ հիմնական սկզբունքները ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդար, հավասարակշռված, կատարելու ենթակա լուծում: Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կընդունեն այդ սկզբունքները, հնարավոր է որոշ անէական փոփոխություններով եւ ուղղումներով, հիմնված սեփական հնարավորությունների վրա, որպես հիմք տարածաշրջանում խաղաղության պահպանման համար»,-ամփոփել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը, հաղորդում է «Թրենդը»: