16 նոյեմբերի 2006 - 13:53 AMT
Պայմանագրային ծառայության զարգացումը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար
Հայաստանը հաջողությամբ եւ հետեւողականորեն բարեփոխում է Զինված ուժերը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը հինգշաբթի Երեւանում կայացած «Մարդու իրավունքները եւ զինվորական ծառայությունը» կլոր սեղանի ժամանակ: «Անկախ մի շարք դժվարություններից, որոնք հանրապետությունն ունի իր բանակի կառուցման եւ արդիականացման ընթացքում, այդ գործընթացը, մասնավորապես, զինծառայողների անցումը պայմանագրային հիմքերի վրա բավականին հաջող է»,-նշել է դեսպանը: Ըստ Վ.Պրյախինի, պայմանագրային ծառայության հետագա զարգացումը Հայաստանի, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի համար, բացառիկ կարեւորություն ունի եւ ԵԱՀԿ-ն միշտ պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել հետագա բարեփոխումների ճանապարհին: «ԵԱՀԿ-ն գտնում է, որ միայն ժողովրդավարական պետությունը կարող է ունենալ ուժեղ Զինված ուժեր»,-ամփոփել է Վ.Պրյախինը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: