31 հոկտեմբերի 2015 - 13:26 AMT
Էրդողանի կուսակցությունը հուսով է, որ ընտրություններից հետո ինքնուրույն կառավարություն կձևավորվի

Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) գնում է նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նպատակ ունենալով միակուսակցական կառավարություն ձևավորել, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մևլութ Չավուշօղլուն, գրում էՌԻԱ Նովոստին:

«Քաղաքացիներից ազդակ ստացանք հունիսի 7-ի ընտրություններում և մեր երկրորդ ընտրարշավն անցկացրել ենք՝ հաշվի առնելով դա: Հուսով ենք, որ մեր ժողովուրդը նոյեմբերի 1-ին հնարավորություն կտա միակուսակցական կառավարություն ձևավորել»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Ըստ նրա, ԱԶԿ-ն ամեն ինչ արեց կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար նախորդ ընտրություններից հետո, քանի որ բավարար ձայներ չէին հավաքվել նախարարների կաբինետն ինքնուրույն ձևավորելու համար:

«Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) հետ մենք ընդհանուր առմամբ մոտ 50 ժամ բանակցություն ենք անցկացրել, սակայն լուրջ տարաձայնությունները արտաքին քաղաքականության և կրթության ոլորտներում թույլ չտվեցին կոալիցիա ստեղծել: Իսկ քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հետ, որը չզատվեց ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությունից, կոալիցիան անհնար էր»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն, սակայն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10 տոկոսի շեմը հաղթահարելու շանս ունի 4 կուսակցություն` իշխող ԱԶԿ-ն, ձախակենտրոն ԺՀԿ-ն, ազգայնական ԱՇԿ-ն և քրդամետ ԺԴԿ-ն:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 շաբաթ առաջ «ANDY-AR» վիճակագրական ուսումնաիրությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել: Այն հարցին, թե արդյո՞ք քրդամետ կուսակցությունը պետք է անցնի ընտարական շեմը՝ 63.9%-ը բացասական պատասխան է տվել, իսկ 34.3%-ը կարծում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է անցնի այդ շեմը, 1.7%-ն այս հարցում չի կողմնորոշվել։

Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական եվրոպական դաշինքը (EAFJD) կոչ է արել Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) օգտին: