ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին: Այդ մասին հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը սեփական թղթակցի վրա հղումով:
Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Աղետի հնարավոր պատճառների թվում նշվում են նաև տեխնիկական անսարքությունները»:
«ԱՄՆ ինֆրակարմիր արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի աղետի պահին: Տվյալները վերլուծվում են, որոշելու համար, թե ինչն է եղել բռնկման պատճառը: Դա կարող էր լինել ռումբի պայթյունի հետևանքով, կամ վառելիքի բակում բռնկման հետևանքով որպես մեխանիկական անսարքության հետևանք»,-հայտնում է հեռուստաալիքն անվտանգության գծով հատուկ թղթակից Դևիդ Մարտինի վրա հղումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պենտագոնը սակայն հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունը:
Մինչդեռ ԻՊ-ն մինչ օրս ոչ մի կերպ չի հաստատել իր հայտարարությունը, որ ինքն է խոցել ինքնաթիռը Սինայի թերակղզում: ԻՊ անունից միայն կարճ հաղորդագրություն է տարածվել, որը հաստատված չէ ոչ մի վիզուալ վկայությունով:
Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ:
Գործակալությունը բացառում է, որ ջիհադականները կարող էին խոցել ինքնաթիռը շարժական զենիթահրթիռային համակարգից: «Թեև գրոհայիններին այդ շրջանում հաջողվել է մինչ այդ խոցել եգիպտական ուղղաթիռ և հրթիռակոծել իսրայելական ինքնաթիռը, սակայն 9268 չվերթը զենքի հասանելիության շրջանակից դուրս էր: Բացի այդ, ըստ «սև արկղի» առաջին տվյալների, ինքնաթիռը չի խոցվել ցամաքից»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Մինչդեռ «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը չէր կարող մասերի բաժանվել օդում. ըստ ընկերության, դա արտաքին ազդեցության հետևանք է: «Չի կարող լինել համակարգի այնպիսի խափանում, կամ խափանումների համադրություն, որը կարող է հանգեցնել նրան, որ ինքնաթիռը մասերի բաժանվի օդում»,-ասել է ճեպազրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանրդ Սմիրնովը:
«Վթարի պատճառ չէր կարող լինել նաև էլեկտրասարքավորումների խափանումը: Նման պայմաններում օդաչուները կկարողանային մանևրել, և մինչ ցամաքին բախվելը ինքնաթիռը առանց վնասվածքի կհասներ»,-նշում են փորձագետները:
Գործակալությունն առաջարկում է չանտեսել պայթուցիկ սարքի պայթյունի հավանականությունը հենց ինքնաթիռում, առավել հավանական համարելով այդ վարկածը:
Եգիպտոսում իրազեկ աղբյուրը հայտարարել է, որ մինչ աղետի պահը A321-ի օդաչուները տեղեկատվություն չեն ունեցել անսարքությունների մասին: «Անձնակազմի անդամների խոսակցությունները վկայում են, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ ոչ մի արտառոց իրավիճակ չի եղել, անձնակազմը սովորական բանակցություններ է վարել կարգավարների հետ, անձնակազմն անսարքությունների մասին չի հայտնել»,-ասել է աղբյուրը, հայտնում է Interfax-ը:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է ԻՊ սիրիական օբեյկտներին ավիահարվածներ հասցնելու մտադրությունից` չստանալով լեյբորիստների աջակցությունը, հայտնում է Times-ը:
Ավիաընկերություններն իրենց հերթին խուսափում են հատել օդային տարածքը Սինայի թերակղզու հատվածում: Emirates-ը, Air Arabia-ն և Flydubai-ն արդեն չեղյալ են հայտարարել այդ ուղղությամբ չվերթները: Ավելի վաղ դա արել էին եվրոպական Air France-KLM և Lufthansa-ն: