ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացվելու է ժողովրդավարական սկզբունքներով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն և միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին նոյեմբերի 4-ին Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակումլրագրողներին ասել է Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային գործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նա նշել է, որ ունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու մեկնաբանությունները:
«ԵՄ անդամ երկրներում ունենալով երկու կառավարման համակարգերն էլ, չենք կարող ասել որն է լավ, որն է վատ: Կարևորն այն է, որ լավ կառավարվի: Սահմանադրական բարեփոխումները երկիրը պետք է տանեն դեպի կայունացում, որպեսզի երկրում լինի արդարություն ու մարդու հիմնարար իրավունքների ազատություն», - ասել է Վիգանդը, գրում է Panorama.am-ը:
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:
Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ: «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:
Հուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխություններինախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է: