Հայաստանի և Եվրոպական միության միջև սպասվող համաձայնագրում հաշվի է առնվելու ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունը: Այս մասին նոյեմբերի 4-ին Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի 16-րդ նիստի շրջանակում լրագրողներին ասել է Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային գործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նա նշել է, որ ուզում են ունենալ կայուն ու էական համաձայնագիր:
Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:
Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:
«Լայնածավալ պայմանագիր է լինելու, խորացված: Ես չեմ կարծում, որ որևէ փոփոխություն տեղի կունենա արտաքին, ներքին քաղաքականության մեջ, փոխարենը կփոխվի առևտրային քաղաքականությունը՝ հարգելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչի արդյունքում հիմա այս ուղղությամբ ենք շարժվելու», - նշել է ԵՄ ներկայացուցիչը:
Միաժամանակ, Եվրամիության ներկայացուցիչը դժվարանում է ժամկետներ ասել, թե ե՞րբ պատրաստ կլինի Հայաստանի հետ բանակցվող նոր պայմանագիրը:
«Այս անգամ մենք որոշել ենք, որ բանակցելու ենք և ստորագրելու ենք: Իհարկե, հաճելի չէ հարց լսել, սակայն լավ չէ, որ բանակցությունների վրա որևէ ճնշում է դրվում ժամանակային առումով», - ասել է Վիգանդը:
Հարցին, թե մտահոգություն չկա, որ այս անգամ էլ Ռուսաստանը կմիջամտի նոր համաձայնագրի ստեղծման համար, նա պատասխանել է. «Չեմ սպասում միջամտություն, որովհետև գիտեմ, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակում բանակցում է այլ պետությունների հետ: Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մեր առաջ կանգնած է «կա՛մ-կա՛մ»-ընտրությունը»:
Հայաստան-Եվրամիություն գործակցության կոմիտեի նիստից առաջ ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը Եվրամիության հետ գործակցության վերաբերյալ նոր առաջարկներ ունի:
Ճշմարիտյանի խոսքով՝ ՀՀ բոլոր գերատեսչությունները Եվրոպական կողմին կներկայացնեն իրենց առանձին առաջարկները՝ մասնավորապես տրանսպորտի և կապի, ինովացիոն, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության և այլ ոլորտներին վերաբերող:
Նախարարը ասել է, որ կօգտագործեն եվրոպական կողմից հնարավորությունները՝ Հայաստանի բիզնեսի զարգացման առումով:
2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Երրորդ ուժերը չեն խափանի ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները
Եվրոպացի պաշտոնյա. Սահմանադրական հանրաքվեն ժողովրդական սկզբունքներով է անցկացվելու