ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհված հայկական անձնակազմի անդամների անունները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Գևորգ Թովմասյանը (հրամանատար), Սամվել Համբարձումյանը (երկրորդ օդաչու), Սամվել Մկրտչյանը (բորտ-ինժեներ), Արմեն Անտոնյանը և Սուրեն Պետրոսյանը (ավիատեխնիկներ):
2014-ից ԱՆ-12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:
Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա: