7 նոյեմբերի 2015 - 13:21 AMT
Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձան է կանգնեցվել

Նոյեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը:

Դրան ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Մինչ հուշարձանի բացումը նահանգապետ Պոլտավչենկոն, կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայերի համար ինչ դեր ու նշանակություն ունի Կոմիտաս վարդապետի անձը:

«Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների», - նշել է նա:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ Կոմիտասի հուշարձանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու հարցում ցուցաբերած պատրաստակամության համար:

«Պարոն նահանգապետի դիտարկումն իսկապես տեղին է, Կոմիտասը համաշխարհային մեծություն է, և նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Սա երկու ժողովուրդների դարավոր ու եղբայրական բարեկամության ևս մեկ վկայությունն է, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է», - նշել է Եսայանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Հատկանշական է, որ Հայաստանը խորհրդանշող Մեծ հանճարին նվիրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Այն երախտիք է կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, երգիչ, մանկավարժ, հրապարակախոս, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին, ում անձը հայ ժողովուրդը նույնականացանում է հայոց այբուբենը ստեղծած Սբ Մաշտոցի հետ՝ երաժշտության ասպարեզում: Մեծն Կոմիտասի արժևորմանը միտված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ են ստեղծվել աշխարհում՝ գիտական, երաժշտական միջավայրում, հատկապես աշխարհի հայաշունչ հատվածներում: Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված նրա արձաններն ու կիսանդրիները վկայում են, որ Կոմիտասը միայն հայկական արժեք չէ: Նա համաշխարհային է, միջազգային ու համամարդկային», - նշել է Բարսեղյանը:

Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման արարողությունն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին:

Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869-ի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր ընտանիքում, որտեղ, այնուամենայնիվ, խոսում էին միայն թուրքերեն։ Դեռ մի տարեկան էր, երբ մայրը մահացավ, տաս տարեկանում՝ հայրը։ Մինչև 1881-ը Սողոմոնն ապրում էր իր տատի հետ, այնուհետև իրենց հայկական թեմի առաջնորդը եպիսկոպոս օծվելու համար գնաց Էջմիածին։ Կաթողիկոսն առաջնորդին պատվել էր իր հետ մեկ որբ երեխա բերել՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Այդ որբը դարձավ հենմց Սողոմոնը, ով իր երգով մեծ տպավորություն թողեց կաթողիկոսի վրա, ինչի հետևանքով էլ նրան ընտրեցին 20 թեկնածուներից։ 1890-ին նա դարձավ սարկավագ, 1893-ին՝ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, ստացավ աբեղայի աստիճան ու 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասին նշանակեցին երաժշտության ուսուցիչ։

Արդեն 1895-ին նա ստացավ վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնեց Թիֆլիս՝ սովորելու երաժշտական ուսումնարանում, բայց՝ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, փոխեց մտադրությունը ու սկսեց վերջինիս մոտ հարմոնիայի դասեր ուսումնասիրել։

Այնուհետև Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից, Կոմիտասը մեկնեց Բեռլին, որտեղ արձանագրվեց «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում։ 1899-ին նա վերադարձավ Էջմիածին և սկսեց ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Սկսեցին ճամփորդություններ երկրի բոլոր շրջաններ, գյուղեր, որտեղ վարդապետը ժողովրդական երգեր ու պարեր էր փնտրում։ Արդյունքում հավաքվեց մոտ 3000 երգ, որոնց մեծամասնությունը երգչախմբով երգելու համար էին։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև օրս էլ կատարում են եկեղեցու ծիսակատարությունում։ Դրա մշակումը նա սկսել էր 1892-ին, բայց այն այդպես էլ անավարտ մնաց՝ սկսեց Առաջին Համաշխարհայինը։ «Պատարագն» առաջին անգամ հրատարակվեց 1933-ին՝ Փարիզում, ձայնագրվեց 1988-ին՝ Երևանում։

Կոմիտասը դասախոսություններով ու կատարումներով հանդես էր գալիս ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ քչերին հայտնի հայկական երաժշտությունը։ 1910-ից ի վեր հետո նա ապրում ու աշխատում էր Պոլսում։, որտեղ էլ հիմնեց 300-հոգանոց իր «Գուսան» երգչախումբը։ 1915-ի ողբերգական իրադարձությունները վարդապետին հոգեկան ծանր վիճակի հասցրին, ինչի արդյունքում էլ 1919-ին նրան տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ էլ Կոմիտասը մնաց մինչև կյանքի վերջ՝ 1935-ի հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ պանթեոն, որն այժմ կրում է իր անունը: