9 նոյեմբերի 2015 - 18:10 AMT
2015-ին ոստիկանների դեմ արդեն 113 քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանությունում ներքին անվտանգության վարչության կողմից ծառայողական քննության արդյունքում 2015-ի 8 ամսվա ընթացքում հարուցվել է 113 քրեական գործ, որոնցից 4-ն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը:

Նույն ժամանակահատվածում 20 քրեական գործի վարույթը կարճվել է. հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ 2, արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով՝ 15, կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով՝ 2, ՀՀ ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով (անձը ՀՀ քր. օր.-ի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից)՝ 1:

Կասեցվել է 1 քրեական գործի վարույթը ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը): Ընթացքի մեջ է 88 քրեական գործ: Նյութերով մերժվել է 5 քրեական գործի հարուցումը (դիմողի բողոքի բացակայության հիմքով), գրում է Panorama.am-ը:

2014-ի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից ծառայողական քննության արդյունքում հարուցվել է 187 քրեական գործ, որոնցից 31-ն ուղարկվել է դատարան, կայացվել է 8 մեղադրական և 1 արդարացման դառավճիռ: