Իտալական AlItalia ավիաընկերության Ulisse ամսագրի նոյեմբեր ամսվա համարում Հայաստանի վերաբերյալ անգլերենով և իտալերենով հոդված է հրապարակվել «Հայաստանի սիրտը. կենտրոնից սահմաններ, կլոր տարի հրաշալի» խորագրով:
«Ulisse-ի հայաստանյան ճանապարհորդությունը սկսվում է մայրաքաղաք Երևանից՝ Արարատ լեռան հսկողությամբ, գագաթ, որի վրա, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո իջել է Նոյյան տապանը: Երևանը երեք միլիոն հայերի մեկ-երրորդի հայրենիքն է. քաղաքը Հռոմից ավելի հին է (հիմնադրվել է Ք.ա. 782թ.) և մարմնավորում է այս ժողովրդի ունակությունը՝ ապրելու դինամիկ ներկայում՝ առանց մոռանալու պատմությամբ հարուստ անցյալը, որի վկան էր Ուրարտուի հին հայկական թագավորությունը՝ Էրեբունի ամրոցը և Կարմիր բլուրը», - մասնավորապես գրված է հոդվածում:
Նշվում է, որ «Վերնիսաժ» տոնավաճառում շաբաթ-կիրակի օրերին կարելի է գտնել հայկական արվեստի ամենատարբեր նմուշներ՝ դուդուկից (ավանդական ծիրանափող) մինչև խորհրդային շրջանի շքանշաններ կամ ցարական Ռուսաստանի ոսկերչական իրեր:
Հոդվածագիրը նշում է, որ հայկական համեղ խոհանոցը հարուստ է տարբեր տեսակի ճաշատեսակներով, որոնց մեջ հատուկ տեղ է զբաղեցնում լավաշը` թոնրում պատրաստված բարակ հացը, մանթին՝ թխված ռավիոլին, և քուֆթան` կոնյակի մեջ մարինացված խաշված միսը: Համեղ ուտելիքը պետք է ճաշակել հայկական կոնյակով: Ըստ հոդվածի՝ գիշերային Երևանն աղմկոտ է: « Քաղաքի երիտասարդությունը երեկոյան ժամերին հավաքվում է Օպերայի և Հանրապետության Հրապարակի շրջակայքում, բայց Երևանը անվտանգ, խաղաղ քաղաք է, իսկ տաքսիները քաղաքով շրջագայելու լավագույն տարբերակն են՝ հարմարավետ, արագ և իսկապես էժան»:
Հեղինակը նշում է, որ Երևանից կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Էջմիածինը՝ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական կենտրոնը: Այստեղ քրիստոնյա համայնքի արմատները հասնում են շատ վաղ շրջանների. 301-ին՝ նույնիսկ Հռոմից էլ առաջ, քրիստոնեությունն ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն:
«Մայրաքաղաքից ոչ հեռու Գառնին և Գեղարդն են՝ երկու հարևան գյուղեր, առաջինը 1-ին դարի գեղեցիկ հելլենիստական տաճարով՝ նվիրված Միհր աստծուն, երկրորդը՝ ժայռի մեջ վարպետորեն կառուցված 4-րդ դարի եկեղեցով: Մյուս կողմից, մեկնելով դեպի հարավ, առաջին կանգառը Խոր Վիրապում է: Գտնվելով Մեծ լեռան ստորոտին, Արարատի շրջանում, սա այն վայրն է, որտեղ հայոց թագավոր Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչի կողմից մկրտվեց որպես քրիստոնյա: Դրանից առաջ Սուրբը 15 տարի բանտարկված էր այդ հորի մեջ, որը մինչ օրս հնարավոր է տեսնել»:
Հեղինակն առաջարկում է մեկ օրը տրամադրել Ջերմուկին՝ Վայոց Ձորի մարզում, որից ոչ շատ հեռու է գտնվում Արենին՝ հայկական գինիների հայրենիքը և աշխարհի հնագույն՝ Քրիստոսից երեք հազարամյակ առաջ թվագրվող գինեգործական կենտրոններից մեկը:
Հեղինակը գրում է, որ փոքր-ինչ ավելի հարավ՝ Սյունիքի մարզում է գտնվում Տաթևի միջնադարյան վանքը: Հին վանքը միանում է հիմնական մայրուղուն աշխարհի ամենաերկար՝ 5 կիլոմետրանոց ճոպանուղով. 15 րոպեանոց ուղևորության ընթացքում կարելի է տեսնել կիրճի տեսարանը՝ բազմաթիվ եկեղեցիների ավերակներով և այլ կառույցներով:
Ըստ հոդցածի՝ Լեռների սիրահարների համար երկրի լավ առաջարկներ ունի երկրի հյուսիսը: Կոտայքի մարզում է Ծաղկաձորը, որը ձմռանը դահուկորդների սիրված վայրն է:
Հեղինակը գրում է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին՝ հիշատակելով, որ 2015-ին լրանում է հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցը:
Հեղինակը եզրափակում է, որ Հայաստանն իրոք արժե այցելել՝ պարզապես բացահայտելու համար ժողովրդի բացառիկ հյուրասիրությունը և երկրի յուրահատուկ ժառանգությունը: