11 նոյեմբերի 2015 - 17:52 AMT
Մոնիտորինգ. Հանրաքվեի քարոզարշավում բովանդակային քարոզչություն չի իրականացվում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում բովանդակային քարոզչություն չի իրականացվում: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը համապետական 6 հեռուստաընկերության (Հ1, «Արմենիա», Հ2, «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն») մշտադիտարկման միջանկյալ զեկույցը:

Նոյեմբերի 6-ից, երբ սկսվել է ակտիվ քարոզարշավը, մինչև դեկտեմբերի 6-ը խումբը պատրաստվում է ևս մեկ միջանկյալ զեկույց հրապարակել:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: «Առաջին օրերին տեսել ենք տեսահոլովակներ, որոնցում խոսվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին ավելի շատ, քան Սահմանադրության նախագծի բովանդակության: Ինչ-որ տեղ մենք կարող ենք եզրակացնել, որ շատերը շահագրգռված են դա ներկայացնել որպես իշխանության վստահության քվեի համար քվեարկություն», - ասել է Նավասարդյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկումներում հիմնական շեշտադրումը կատարվում է կառավարման համակարգի փոփոխության` խորհրդարանական համակարգի վրա, իսկ նախագծի մյուս փոփոխությունները մնում են ստվերում, ինչի արդյունքում քաղաքացիները հնարավորություն չեն ստանում հասկանալ` բացի խորհրդարանական համակարգին անցումից էլ ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

Մեկ այլ առանձնահատկություն ևս մոնիտորինգն իրականացնող խումբը նկատել է այս մշտադիտարկման ընթացքում. քարոզարշավում «այո»-ն քարոզող իշխանությունը, ԵՄԱ նախագահի խոսքով, ներկայացնում է, թե հասարակությունը քվեարկության շուրջ կոնսենսուս ունի, որը հիմնված է իշխանության նկատմամբ վստահության վրա, այն դեպքում երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել, որ քաղաքացին քվեարկում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների համար, այլ աջակցելու է իշխանության վերարտադրմանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: