22 նոյեմբերի 2006 - 16:14 AMT
Ֆրանսիայում թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ
Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ: Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» գործակալությունը, նամականիշը, որը տպել է մի ֆիլատելիստ, փոստային բաժանմունքները չեն տարածում: Սակայն հետաքրքրվողները կարող են այն ձեռք բերել 2,5 եվրոյով եւ օգտագործել իրենց նամակներն ուղարկելու համար: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարվա շրջանակներում շաբաթ օրը Փարիզի մերձակայքում` Վերսալում անցկացվելու է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հարցերով գիտաժողով` «Թուրքիայի կողմից ժամանակին բնաջնջված կամ հարստահարված փոքրամասնությունների համատեղ գործունեությունը» թեմայով: Գիտաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքիայի հայ, ասորի, հույն եւ քուրդ փոքրամասնությունների անցյալը եւ ապագան: Դրան մասնակցելու են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների միությունների առաջատար գործիչներ եւ գիտնականներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: