Նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հանրաքվեի մասնակիցների թիվը 2 մլն 553 հազար 085 է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Քվեարկության օրվանից 30 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն էր` 2 մլն 554 հազար 332:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
Այսպես.
քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 մլն 553 հազար 085, որից՝
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 533.
- ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 5.
-քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0.
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:
Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: