Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ԵՄ դիրքորոշումը հստակ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի ու համանախագահների գործունեությունը:
«Մենք դատապարտում ենք բռնությունների կիրառումը և կողմերին խրախուսում ենք երկխոսություն վարել ու գտնել խաղաղ լուծում: Եվրամիությունը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լուծումը շուտով կգտնվի, ինչն էլ նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-նշել է դեսպանը, հայտնում է Panorama. am-ը:
Նա հայտնեց նաև, որ Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումը բերել վստահության հաստատման գործընթացին և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են ֆինանսավորվում իրենց կողմից:
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվ գնդակոծվում են ՀՀ սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական ԶՈւ դիրքերը: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանին «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:
«Մենք հարգում ենք ձեր ընտրությունը, մենք՝ Եվրամիությունը, շատ լուրջ ենք վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը»,-ասել է Սվիտալսկին: «Հայաստանի հետ Եվրամիության փոխհարաբերությունների ներկայիս փուլը խարսխվում է ձեր ընտրության վրա: Հարևանության քաղաքականության ողջ տրամաբանությունը խարսխվում է գործընկերների ցանկությունների, կարիքների, հավակնությունների վրա: Մենք որևէ բան Հայաստանին չենք պարտադրում»,-ասել է նա և նշել, որ այնքան կշարունակվի Հայաստանի հետ գործակցությունը, որքան Հայաստանը կցանկանա ունենալ համընդհանուր արժեքներ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ առումներով:
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ապա նա նշեց, որ հարգում են դրա հետ կապված պայմանավորվածությունը: «Ինչ վերաբերում է մեր փոխհարաբերությունների տնտեսական ձևաչափին, ապա երեկ հրապարակված փաստաթուղթն ունի իր մեջ շատ ուժեղ պարտավորություններ Եվրոպական միության կողմից՝ կապված ՀՀ տնտեսական համագործակցության հետ: Այն փաստը, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵՏՄ անդամ, ոչ մի կերպ չի ազդում Եվրամիության որոշման վրա՝ շարունակել աշխատել ապագայում ավելի մեծ առումով միասնական տնտեսական մեկ դաշտ ստեղծելու ուղղությամբ: Բայց սա մեծապես կախված է լինելու այն բանից, թե ինչպես են ԵՏՄ անդամ երկրները կառուցելու իրենց փոխհարաբերությունները այնպիսի երկրների հետ ինչպիսիք են՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, որոնք որոշել են տնտեսապես ասոցացվել Եվրամիությանը»,-ասաց նա և նշեց, որ եթե նրանց ընտրությունը հարգվում է, այդ դեպքում կարող են առաջընթացի հույս ունենալ, հայտնում է Tert.am-ը:
2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Հայաստանը 2015-ի հունվարի 2-ից դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: