Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում է կատարել մշակույթի բնագավառում, բայց կեղծիքի մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հակահայկական հայտարարությունները։
«Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918-ին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք», - ասել է փոխնախարարը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի կատարել 1993-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», և անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաև նույն բանաձևերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որևէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։
«Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձևերի իր ընտրովի և խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի և, նույնիսկ, ժամերի ընթացքում», - նկատել է Քոչարյանը:
Նա նշել է, որ Բաքուն անդադար սպառնում է պատերազմով և զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում։
«Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր և էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ամբողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ», - ասել է փոխնախարարը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները․ բավական է հիշատակել Նախիջևանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դա ամենևին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը հանդիսանում է բազմամշակութայնության և հանդուրժողականության օրրան։
Քոչարյանը հիշեցրել է, որ հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը ևս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, միջազգային իրավունքն, իբր, աջակցում է իրենց հավակնություններին։
«Մնում է միայն հիշեցնել․ կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա Ադրբեջանի պետական քարոզչություն», - եզրափակել է փոխնախարարը: