21 նոյեմբերի 2015 - 12:36 AMT
ԶԼՄ-ներ. Գերմանիայի խորհրդարանը կողմ է, որ Բեռլինը միանա Սիրիայում ԻՊ դեմ պայքարին

Գերմանիայի Քրիստոյա-դեմոկրատական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում, կողմ են արտահայտվել, որ Բեռլինը միանա Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին:

Այդ մասին գրում է Der Spiegel-ը` Գերմանիայի քաղաքական գործիչների հայտարարությունների վրա հղումով: «Գերմանիան պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններ սկսել ԻՊ դեմ: որտեղ և ինչպես կախված է մեր գործընկերների հետ համագործակցությունից»,-հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Թոմաս Հիտչերը:

Քրիստոյա-դեմոկրատական միության անդամ Ռոդերիկ Կիզեվետտերը կարևոր է համարում գերմանական ավիացիայի կիրառումը Սիրիայում գրոհայինների դիրքերին հարվածելու գործում: «Գերմանիան «վճռական օգնություն է ցուցաբերում» միջազգային կոալիցիային`հետախուզական տվյալներ տրամադրելով: Մենք օբյեկտիվ տվյալներ ենք տրամադրում, նրանք մահապարտներ են ուղարկում»,-ասել է նա:

Այնուամենայնիվ որոշ խորհրդարանականներ առաջարկում են միայն խստացնել օրենսդրական պատասխանատվությունը երկրի ներսում ահաբեկչական գործողությունների և ահաբեկչությանն աջակցելու համար: Ոմանք մերժում են Սիրիայում ԻՊ դեմ ռազմական գործողությանը մասնակցելու բուն գաղափարը: «Անշուշտ, մենք մեր ֆրանսիացի բարեկամների կողքին ենք, սակայն համերաշխությունը չի նշանակում, որ մենք կմիանանք մարտական թռիչքներին»,-ասել է Կանաչների կուսակցության առաջնորդ Սիմոնե Պետերը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ԳԴՀ ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը հայտարարել էր, որ ավիա- և երկաթուղային հաղորդակցությունը Ֆրանսիայի հետ ուժեղացվել է, ոստիկանության պարեկախմբերը զինվել են:

Փարիզյան ահաբեկչություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակողմանի աջակցություն առաջարկեց Ֆրանսիայի իշխանություններին: «Մենք ամեն ինչ կանենք հետապնդելու համար հանցագործներին և նրանց մեղսակիցներին` համատեղ պայքարելով ահաբեկիչների դեմ: Սա Եվրոպայի ամենասարսափելի գիշերներից մեկն էր»,-ասել է Մերկելը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: