25 նոյեմբերի 2006 - 14:01 AMT
Բաքուն դեռեւս հույս ունի հասնել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարություն խնդրելով լուծել Ռամիլ Սաֆարովի պատիժն իր հայրենիքում կրելու մասին հարցը: Արդարադատության նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովի խոսքերով, երկու պետությունները միացել են 1983 թվականի «Պատիժը կրելու նպատակով կալանավորների փոխանակման մասին» եվրոպական կոնվենցիան, եւ նման դիմումներ արդեն եղել են: Ընդգծվել է, որ Ռ.Սաֆարովի հարցը նախարարությունը պահում է իր խիստ վերահսկողության տակ: «Լինելով Հունգարիայում, ես հանդիպել եմ Ռ.Սաֆարովի հետ: Նա ինձ փոխանցեց իր դիմումը պատիժն իր հայրենիքում կրելու վերաբերյալ: Ըստ պայմանագրի, Ադրբեջանին նրա փոխանցման հարցը կարող է քննվել այն բանից հետո, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա»:

Վարչության պետի խոսքերով, Ռ.Սաֆարովի գործով բողոքարկման վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա ապրիլին: Զ.Գաֆարովը հաղորդել է, որ դատավճռի օրինական ուժ ստանալուց հետո, բանակցությունները Հունգարիայի արդարադատության նախարարության հետ կշարունակվեն, եւ ըստ պայմանագրի միջոցներ կձերնարկվեն Ռ.Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու համար:

Պաշտոնյան հղում արեց մի շարք փաստաթղթերի, որոնք ճանաչվում են Ադրբեջանի եւ Հունգարիայի կողմից, ինչպես «Էքստրադիցիայի մասին» 1957 թ. եվրոպական կոնվենցիան, «Քրեական գործերով փոխադարձ իրավաբանական օգնության մասին» 1969 թ. կոնվենցիան, ինչպես նաեւ «Պատիժը կրելու նպատակով կալանավորների փոխանցման մասին» 1983 թ. եվրոպական կոնվենցիան: Ըստ Զ.Գաֆարովի, Ռ.Սաֆարովի էքստրադիցիայի համար բավարար են այս փաստաթղթերը, այդպիսով, իրավաբանական օգնության մասին երկկողմ համաձայնագրի կիրառման անհրաժեշտություն չկա»: Ներկայումս այդպիսի պայմանագիր չկա, սակայն խորհրդատվություններ են ընթանում երկու երկրների միջեւ, որի արդյունքում այն կստորագրվի:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության Բուդապեշտում Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: