ԱԺ արտահերթ նիստում նոյեմբերի 23-ին քննարկվել է Բորաբայում ստորագրված «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը:
Այն ներկայացրել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը:
ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նիստի ժամանակ նշել է. «Մինչև այսօր չի լուծվել այն հարցը, երբ ապրանքները ուղարկում ենք ՌԴ ինչ-ինչ պատճառներով այն հետ է գալիս՝ կրկնակի ԱԱՀ հարկված: Իսկ երբ հիսուն օր հետո է հետ բերվում, ՀՀ-ի սահմանի վրա է հարկվում: Նման բան առաջ չկար: Ուզում եմ նշել, որ ՌԴ-ից ավելի շատ ներմուծվում է, քան արտահանվում: ՌԴ մաքսային սահմանի վրա նույնացման սերտիֆիկատ են ուզում, ՀՀ սահմանի վրա չենք ուզում: Սա անօրինակ գործընթաց է գործարարերի համար: Ես անձամբ ձեզ եմ զանգել՝ հարցի լուծման համար»:
Կարայանը ընդգծել է՝ երբ արտահանվում է ապրանքը ՌԴ, ապա ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ն հետ է վերադարձվում, եթե ՌԴ-ում վճարվել է:
«Դա բարդ ընթացակարգ է: Կանոնակարգվելու են այդ խնդիրները: Դեկտեմբերի քսանմեկին ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ կստորագրվի արձանագրությունը, և կկատարվեն փոփոխություններ: Իսկ նույնականացման սերտիֆիկատներ կարող են պահանջել, եթե միասնական մաքսատուրքերից տարբերվող ապրանքներ են արտահանվում: Մյուս ապրանքատեսակների դեպքում իրավունք չունեն պահանջելու», - ասել է նա, մեջբերում է «Ա1+»-ը:
ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել, ըստ որի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է անդամ երկրների հետ մշակել մի շարք ապրանքների համար միասնական մաքսատուրքերը վերանայելու նպատակահարմարությունը:
Մասնավորապես, խոսքն այն ապրանքների մասին է, որոնց դեպքում Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցած Ղազախստանը պետք է կիրառի ԵՏՄ-ում ընդունված մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր: Ըստ այդմ, եթե ԱՀԿ-ի ներմուծման մասատուրքը եվրասիականից ցածր է, ներմուծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում: