25 նոյեմբերի 2015 - 23:05 AMT
Հայաստանի ու Բրազիլիայի միջև վիզային ռեժիմը վերացնող համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ու Բրազիլիայի միջև վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից, եթե գտնվելու են երկրում ոչ ավել, քան 90 օր: Ժամկետը կարող է երկարացվել ևս 90 օրով, եթե երկրում գտնվելու ընդհանուր տևողությունը տարվա ընթացքում 180 օրը չի գերազանցում:

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել էր 2015 թվականի օգոստոսին: Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ ՀՀ-ն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Այս որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները: