«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է $10.378.465 նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:
Այս նպատակով ամբողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:
2015-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ:Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին:
2014-ի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար: Հավաքագրված գումարն ուղղվել է ՀՀ-ն ԼՂՀ-ի հոտ կաապող մոտ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:
Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։