27 նոյեմբերի 2015 - 16:57 AMT
Ամերիաբանկը $ 25 մլն սինդիկացված վարկային պայմանագիր է ստորագրել FMO և OeEB-ի հետ

Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ: Վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում:

Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

Նշենք, որ Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 345 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ: