Դանիացիների մեծ մասը հանրաքվեում դեմ է արտահայտվել երկրի հետագա ինտեգրմանը Եվրամիությանը: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Euronews-ը:
Արդարադատության և ներքին քաղաքականության ոլորտում եվրոպական օրենսդրության ընդունմանը դեմ է քվեարկել դանիացիների 53 տոկոսը` երկրի աջակենտրոն կառավարությունը պնդում էր, որ այդ միջոցները կօգնեն ոստիկաններին հետաքննել անդրսահմանային հանցագործությունները: Եվրաինտեգրման վերաբերյալ այս հանրաքվեն 7-րդն է:
Այժմ Դանիան, գուցե, ստիպված լինի հեռանալ Եվրոպոլից, որը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և մարդկանց առևտրի դեպքերը հետաքննող ԵՄ իրավապահ մարմինն է: Ակնկալվում է, որ իրավական կարգավիճակը կարող է փոխվել 2016-ին, այն ժամանակ թագավորությունն այլևս չի կարողանա կազմակերպության անդամ լինել, հայտնում է Lenta. ru-ն:
Ըստ Euronews-ի, եվրահոռետեսները մտավախություն ունեին, որ հանրաքվեի հարցին դրական պատասխանի դեպքում Բրյուսելը կսկսի օրենքներ թելադրել միգրացիոն ոլորտում Կոպենհագենին: Դանիան ներգաղթի ամենախիստ օրենքներից մեկն ունի և ներգաղթյալների ներհոսքը Եվրոպա նվազագույն անդրադարձն է ունեցել Դանիայի վրա:
Սակայն 2015-ի միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում առավեկապես անդարդարձել է Դանիայի հարևան Գերմանիայի վրա: Ըստ պաշտոնական կանխատեսման, 2015-ին ԳԴՀ-ում կգրանցվի ավելի քան 800 հազար փախստական: Ըստ ԵՄ սահմանային «Ֆրոնտեքս» գործակալության տվյալների, 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիության տարածք է մուտք գործել 1,2 մլն ներգաղթյալ` 4 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: