6 դեկտեմբերի 2015 - 17:41 AMT
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար. ԻՊ-ն նոր տիպի թշնամի է ամբողջ աշխարհի համար

Միջազգային հանրությունն ի դեմս «Իսլամական պետություն» խմբավորման «նոր տիպի թշնամու» հետ է բախվել, ուստի Սիրիայում բրիտանական օդուժի գործողությունը «ոչ արագընթաց է լինելու, ոչ էլ հեշտ»: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Կիպրոսում տեղակայված «Ակրոտիրի» ռազմակայան այցելության ժամանակ, որտեղից բրիտանական ավիացիան թռիչքներ է կատարում` հարվածելով իսլամիստների դիրքերին:

«Մենք բախվել ենք նոր տիպի թշնամու հետ, որը պահանջներ չի առաջադրում, գերիներ չի վերցնում և չի ձգտում բանակցությունների: Այդ թշնամին անմիջական սպառնալիք է Մեծ Բրիտանիայի համար, իսկ նրա արմատը Սիրիայում է»,-ասել է Ֆելոնը:

Նախարարը խոստացել է նվազագույնի հասցնել զոհերը Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում, քանի որ բրիտանական ՌՕՈւ-ն, ըստ նրա, հարվածներ է հասցնելու «ոչ միայն ենթակառուցվածքներին», այլ նաև հակառակորդի կենդանի ուժի կուտակումներին, ինչը կարող է նաև հարակից զոհերի պատճառ դառնալ: «Ռմբակոծությունները ոչ ոքին դուրեկան չեն, պատերազմն` առհասարակ: Այնուամենայնիվ, երբ գործ ունես մարդկանց հետ, որոնք չեն ցանկանում բանակցել, այլ միայն ձգտում են որքան հնարավոր է շատ մարդ սպանել, մասնավորապես, բրիտանացիների, ստիպված ենք ուժ կիրառել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում` «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու վերաբերյալ Բրիտանիայի խորհրդարանի որոշումից ընդամենը ժամեր անց: Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում` «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու վերաբերյալ Բրիտանիայի խորհրդարանի որոշումից ընդամենը ժամեր անց:

Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը Մեծ Բրիտանիան քվեարկեց հօգուտ ռազմական գործողության Սիրիայում: Կողմ քվեարկեց 397 պատգամվոր, 223-ը` դեմ:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիան պետք է նորից մտածի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին: «Ֆրանսիայի պայքարը մեր պայքարն է, այդ ահաբեկչությունները կատարվել են մեզնից երկու ժամվա հեռավորության վրա՝ մեր դռների մոտ: Մենք պետք է վերանայենք բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք միանալ այդ պայքարին», - ասել է Ֆելոնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2013 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Սիրիայում Միացյալ Թագավորության ռազմական միջամտությանը: