7 դեկտեմբերի 2015 - 01:49 AMT
Ընդդիմության ցույցից ակտիվիստների են բերման ենթարկել

«Նոր Հայաստան» միավորման բողոեքի երթի ժամանակ բերման են ենթարկվել ակտիվիստներ Արտուշ Չիբուխչյանը, Արամ Մանուկյանը, Վահե Բաղդասարյանը, Մաքսիմ Սարգսյանը, Տիգրան Մազմանյան, Արսեն Չաչոյանը, Միքայել Նազարյանը և Կարո Ղուկասյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին, որ որ բերման են ենթարկել 9 հոգու՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, կազմվում են վարչական արձանագրություններ:

Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով: Ոստիկանության մամուլի ծառայությունն, իր հերթին, հայտարարել, է, որ ընդդիմության հավաքն ընթացել է օրենքի խախտումներով: «Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շենքին և պետական այդ մարմնին հնչեցնել իրենց պահանջները կամ ապահովել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մոտենա և լսի իրենց պահանջները:

Կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի կազմակերպիչներին հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ է ընթանում և քսան րոպեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը կմոտենա հավաքի մասնակիցներին ու կլսի նրանց պահանջները: Միաժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, պահանջել է ժամը 22.00-ից սկսած անցկացվելիք հավաքը չզուգորդել անձանց հանգիստը խանգարող աղմուկով:

Ի պատասխան այս առաջարկի, հավաքի կազմակերպիչները չեն սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսված հանդիպմանը և, անտեսելով ՀՀ ոստիկանության իրավաչափ պահանջը, շարունակել են աղմուկով ուղեկցվող երթը: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որևէ սադրանքի, իսկ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք», - ասվում է ոստիկանության հայտարարությունում:

Հանրաքվեին հետևող կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում: