7 դեկտեմբերի 2015 - 13:03 AMT
Ադրբեջանական Նարդարանի շրջափակումը տարածվել է հարևան ավանների վրա

Ադրբեջանական Նարդարանի շրջափակումը տարածվել է հարևան` Բիլգյա և Մաշթագա ավանների վրա: Այդ ավանների Նարդարանին հարակից շրջանները ևս վերցվել են ուժայինների հսկողության տակ:

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ անցած շաբաթ հավատացյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով 7 մարդ է զոհվել:

Փողոցների մոտքերը փակել են բետոնե բլոկերով, ինքնաձիգերով զինված պարեկախմբեր են կանգնած: Բոլոր անցնող մեքենաները ստուգվում են, իսկ դրանց սեփականատերերը` խուզարկվում, հայտնում է contact.az-ը:

Փաստացի այս գոտում արտակարգ դրություն է գործում: Նարդարանում իրավիճակն անփոփոխ է, փակ են ոչ միայն գլխավոր, այլ նաև երկրորդական ճանապարհները: Մինչ օրս չկա գազ և էլեկտրականություն: Բնակիչններն ասում են, որ իշխանությունները մտադիր են սմարթ-հաշվիչներ տեղադրել, որոնք բացառում են էլեկտրականության և գազի չարտոնված օգտագործումը:

Լարվածությունն ավանում չի նվազում, թեև լուրջ միջադեպեր չեն եղել: Գլխավոր պատճառն այն է, որ իշխանությունները մտադիր են խիստ հսկողություն սահմանել և բացառել կրոնական ընդդիմության հզորացումը, որի գլխավոր աղբյուրը Նարդարանն է:

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը հայտարարել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում կշարունակվեն մինչ դրված խնդիրների ամբողջական իրականացումը և անվտանգության ապահովումը»:

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: