7 դեկտեմբերի 2015 - 17:44 AMT
ԵԽԽՎ եզրակացություն. Հանրաքվեն պայմանավորված էր քաղաքական շահերով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը եզրակացություն է հրապարակել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։

ԵԽԽՎ միջկուսակցական պատվիրակությունը Հայաստանում է եղել դեկտեմբերի 4-7-ը՝ հանրաքվեի մշտադիտարկման նպատակով:

Հայաստանում պատվիրակությունը հանդիպել է խորհրդարանական խմբերի և կուսակցությունների առաջնորդներին և ներկայացուցիչներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետներին:

«Համեմատաբար ցածր մասնակցությունը՝ բնակչության մոտ 50%-ը, վկայում է այն մասին, որ հանրաքվեի անցկացումը պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ Հայաստանի ժողովրդի կարիքներով, այն շատ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարությանը վստահության քվե, այլ ոչ փոփոխության առաջարկների համար քվեարկություն: Բարեփոխումների երկուսուկես տարվա գործընթացը բավական ներառական չի եղել, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ է ունեցել տեքստը քննարկելու համար, իսկ հանրային քննարկումների համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ, ինչն էլ դժվարացրել է համաձայնության ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ:

Պատվիրակությունը նաև նշել է հանրաքվեի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների մասին, գրում է Tert.am-ը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Միաժամանակ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքն Ակրամշո Ֆելալիևի ղեկավարությամբ դիտարկած ԱՊՀ ՄԽՎ դիտորդների գնահատականներով՝այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, այն արտահայտել է ժողովրդի կամքը:

Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում անցել է հանգիստ և ազատ մթնոլորտում և ընդհանուր առմամբ համապատասխանել է հանրապետության ընտրական օրենսդրությանը, հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:

Կարդացեք մաև՝Հայաստան 2013-2015. Ընտրազանգվածի աճ, մասնակցության պասիվացում