14 դեկտեմբերի 2015 - 16:12 AMT
«Մետաքսի ճանապարհով» Չինաստանից առաջին գնացքը ժամանել է Վրաստան

Դեկտեմբերի 13-ին Թբիլիսի է ժամանել «Մետաքսի ճանապարհ» նախագծով չինական Լյանյունից դուրս եկած առաջին բեռնատար գնացքը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ «Մետաքսի ճանապարհի» շնորհիվ Վրաստանը կարող է բազմառեգիոնալ կենտրոն դառնալ: Այդ մասին նա հայտարարել է «Մետաքսի երկաթուղու» բացման պաշտոնական արարողության ժամաակ: Ըստ նրա, բեռնափոխադրումներ կիրականացվեն Չինաստանի հեռավոր արևելքից դեպի Եվրոպա Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:

«Մենք կարող ենք աննախադեպ կարճ ժամանակում` 8-10 օրում, բեռներն ընդունել Վրաստանում, հետո` 3-5 օրում` Եվրոպայի տարբեր երկրներում: «Մետաքսի ճանապարհը» էժան և ամենակարճ ուղին է, որը 5 անգամ կրճատում է Ասիայից Եվրոպա ճանապարհը: Մեր երկիրը այդ կարճ երթուղու մի մասն է կազմում և մեզ լրացուցիչ շանս է տալիս դառնալ համաշխարհային տնտեսական իրադարձությունների կարևորագույն մասնակիցներից մեկը: Հավատում եմ, որ այս նախագծի շոնրհիվ, Վրաստանը բազմառեգիոնալ կենտրոն կդառնա` կապելով Եվրոպան, Ասիան, Հնդկաստանը, Կենտրոնական Ասիան ու Միջին Արևելքը»,-հայտարարել է վարչապետը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

2013թ. Չինաստանի նախագահ Սի Ծինփինն առաջ քաշեց «Նոր Մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգը, որով նախատեսվում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով «հարություն տալ» պատմական Մետաքսի ճանապարհին: «Մետաքսի ճանապարհը» գործում էր սկսած մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։«Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։

Նոյեմբերի 28-ին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Չինաստանը պայմանավորվել են Եվրոպա երկաթուղային բեռներ հասցնել՝ Ռուսաստանը շրջանցելով: