Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, պատասխանելով «Սալամնյուզ» կայքի հարցմանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպման մասին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտարարել է, որ «հարկավոր է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ձայնը», ինչպես դա անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
2015-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ստեղծված վիճակին բանակցային գործընթացում: Մասնավորապես, կարևորվել է հրադադարի ռեժիմի խախտումները բացառող միջոցների իրականացումը:
Ավելի ուշ ադրբեջանական «Թրենդը» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քննարկվում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի փոխարինման հարցը` պայմանավորելով դա Ուորլիքի հանդիպումով Կարեն Միրզոյանի հետ: Սակայն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքեց ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը»,-ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը: