Թուրքիան մտադիր չէ փոխհատուցել վնասը Ռուսաստանին թուրքական կործանիչների կողմից խոցված Սու-24-ի համար: Այդպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը, հայտնում է Gazeta.ru-ն SNN Turk-ի վրա հղումով:
«Խոցված ինքնաթիռի համար փոխհատուցելու Ռուսաստանի պահանջը հնարավոր չէ կատարել»,-ասել է նա: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է Թուրքիային երաշխիքներ տրամադրի, որ ռուսական ինքնաթիռներն ապագայում չեն խախտի երկրի օդային տարածքը:
Բիլգիչը նաև հավելել է, որ ռուսական Սու-24-ի միջադեպից հետո Ռուսաստանը «չափից շատ է շեշտում» Անկարայի կողմից ռազմական սպառնալիքի հավանականությունը:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի դեկտեմբերի 18-ին Սիրիայի գծվ միջազգային հանդիպմանը Նյու Յորքում:
Ավելի վաղ Մոսկվան կոչ էր արել թուրք պաշտոնյաներին և ԶԼՄ-ներին չհամեմատել ռուսական Սու-24-ի գնդակոծումը ԽՍՀՄ-ում խոցված կորեական Boeing-ի հետ: «Տարակուսանք են առաջացնում այն նյութերը, որտեղ թուրք լրագրողները համեմատում են այս 2 իրավիճակները: Պակաս զարմանալի չեն թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում: