7 դեկտեմբերի 2006 - 13:16 AMT
«Գազպրոմը» պահպանում է գազի արտոնյալ գինը Հայաստանի համար` 110 դոլար հազար խորանարդ մետրի համար
«Գազպրոմ» ընկերությունը հաստատել է, որ կպահպանի գազի արտոնյալ գինը Հայաստանի համար: Երեւանը «երկնագույն վառելիք» կստանա վճարելով 110 դոլար հազար խորանարդ մետրի համար: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավարի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը: Ընդ որում այդ պայմաններով գազը կառաքվի մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը: «Մենք այդպես ենք պայմանավորվել, ստորագրելով համաձայնագիր երեք տարվա ընթացքում գազի գինը անփոփոխ թողնելու վերաբերյալ»,-ասել է նա, ընդգծելով, որ փոխարենը «Գազպրոմը» կավելացնի իր բաժնեմասը «Հայռուսգազարդում»:

Նա նշել է, որ Հայաստանի հանդեպ կիրառվել է այս մոտեցումը, քանի որ նա համաձայնվել է կիսել գազային իր ակտիվները: Անդրկովկասի մյուս երկրներին` Ադրբեջանին եւ Վրաստանին, ինչպես նախկինում, առաջարկվում է գազը գնել 230 դոլարով, հաղորդում է Neftegaz.ru-ն: