ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր:
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Մանրամասները քիչ ավելի ուշ», ասվում է գրառման մեջ:
Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: