Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ:
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:
Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:
Հայաստանը միշտ կողմ էր հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկներին, իսկ Ադրբեջանը հրաժարվում էր:
Սարգսյանը և Ալիևը իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին:
Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում», - ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, գրում է Artsakhpress.am-ը:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի:
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել շփման գծում լարվածության աճի ֆոնին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:
Կարդացեք նաև՝ Սարգսյան-Ալիև առանձնազրույցը տևել է մեկ ժամից ավելի (թարմացված)