7 դեկտեմբերի 2006 - 18:18 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը Դաշինքի խաղաղապահ գործողություններում
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքը հանդիսացող Անհաատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը, որի առաջին երկամյա փուլը մեկնարկել է այս տարվա հունվարին, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Կողմերը գոհուհակություն հայտնեցին ՀՀ ԱԳԳԾ-ի իրականացման գործընթացի առաջին, միջանկյալ գնահատման արդյունքների կապակցությամբ, որոնք քննարկվեցին հունիսին, 26 (ՆԱՏՕ անդամներ) +1(Հայաստան) ձեւաչափով կայացած Հյուսիս-ատլանտյան դաշինքի խորհրդի նիստի ընթացքում: Վարդան Օսկանյանը նշեց, որ նման գնահատումներն արժեքավոր էր մեզ համար` ԱԳԳԾ-ի իրականացման գործընթացի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից սահմանված չափանիշների եւ պահանջների հստակեցման տեսակետից: ՀՀ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ ԱԳԳԾ-ի հայաստանյան հանձնաժողովը, որը պատասխանատու է ծրագրի իրականացման համար, այս տարվա ընթացքում անց է կացրել 8 նիստ, որոնց ընթացքում ակտիվորեն քննարկվել են ծրագրի իրականացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր, դրանցից ոմանք գտել են իրենց լրիվ կամ մասնակի լուծումը:
Նշելով ՆԱՏՕ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, Յաապ դե Հոոպ Սխեֆերը կարեւորեց ժողովրդավարական գործընթացների ամրապնդումը Հայաստանում, հատուկ նշելով ՆԱՏՕ-ի աջակցությունը պաշտպանական ոլորտում բարեփոխումների անցկացմանը: Նա բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում:
Կողմերը կարեւորեցին Երեւանում բացված ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի դերը հասարակության շրջանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, Դաշինքի գործունեության մասին տեղեկատվության տարածման տեսանկյունից: Վարդան Օսկանայանը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի կողմից կազմավորված Միջազգային խորհրդատվական խմբի ներդրումը ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի (ԱԱՀ) մշակման գործում: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց նոյեմբերի 28-29-ին Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները: Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստան-Թուրքիա ներկա հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացին:
Հանդիպումից անմիջապես հետո նախարար Օսկանյանը ստորագրեց Հայաստան-ՆԱՏՕ «Քաղաքացիական կենսական անհրաժեշտության տարանցիկ տրանսպորտի` սահմանների անցման դյուրացման մասին» Փոխըմբռնման հուշագիրը: