8 դեկտեմբերի 2006 - 15:49 AMT
«Նեզավիսիմայա գազետա». Եվրամիությունը Ռուսաստանից «գնում է» ԱՊՀ երկրները
Ի՞նչ պետք է անել իրականում, փլուզելու համար առանց այն էլ հազիվ շնչող ԱՊՀ-ն: Այդ հարցին օրերս գրեթե պատասխանեց Եվրահանձնաժողովը` հայտարարելով 12 մլրդ. եվրոյի հատկացման մասին մի շարք երկրների զարգացման համար` Հարեւանության ծրագրի շրջանակներում»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Բրյուսելի կողմից «գուրգուրված» պետությունների ցուցակում են հայտնվել նաեւ Ռուսաստանի գործընկերները Անկախ Պետությունների Համագործակցությունից. Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդավիան` որոնք միավորված են ՎՈՒԱՄ տարածաշրջանային կառույցում, ինչպես նաեւ Հայաստանը:
Բացի փողից, Եվրահանձնաժողովը նրանց լայն առեւտրա-տնտեսական ինտեգրման հեռանկար է խոստացել` կառուցված ապրանքների ազատ տեղաշարժման սկզբունքների, ինչպես նաեւ վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմի, համատեղ ծրագրերում երկրների համակարգված ներգրավման եւ էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում ավելի սերտ համագործակցության վրա: «Դա հենց այն է, որ 15 տարիների ընթացքում հայտարարել են, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել իրականացնել Համագործակցությունում: Եւ ԱՊՀ վերջին գագաթնաժողովը Մինսկում ցույց տվեց, որ հետխորհրդային տարածքի բնակչության երազանքը` նախկին Խորհրդային միության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ առեւտուր անելու մասին, չի իրականանալու: Իսկ ԸՏՏ-ի եւ ԵվրԱսՏԸ-ի կարգի նախագծերը մոտակա դիտարկման դեպքում ցուցամոլություն են հիշեցնում, ինչն ընդհանրապես հարց է ծնում. արդյո՞ք ԱՊՀ երկրների ղեկավարները, եւ առաջին հերթին Ռուսաստանը ցանկանում են, որպեսզի այդ բարի դրացիական գաղափարից ինչ-որ բան դուրս գա»,- նշվում է հրապարակման մեջ:
«Եթե հետեւենք մեր հարաբերություններին Համագործակցության երկրների հետ վերջին տասնամյակի ընթացքում, կարելի է նկատել, որ դրանց կառուցման սկզբունքը փոխվել է: Երեք հնգամյակ մենք մեր ազդեցության մեջ էինք պահում նախկին եղբայրական հանրապետությունները, մատակարարելով նրանց էժան, իսկ երբեմն նույնիցկ անվճար գազ: Իսկ այս տարի որոշեցինք նույն գազատարը օգտագործել որպես փաստարկ հարեւանների հետ ունեցած քաղաքական վեճերում, սակայն, ընդհակառակը, բոլորին հայտարարելով հաշվարկման նոր եվրոպական համակարգի անցման մասին: Երկրներից շատերի համար մեկ հազար խորանարդ մետրի համար 80 դոլարից 230 դոլարի թռիչքը ողբերգական արդյունք ունեցավ: Նրանք սկսեցին նոր գործընկերների փնտրել եւ գտան նրանց` ի դեմս Եվրամիության երկրների: Ի տարբերություն Մոսկվայի, որն այսօր ֆինանսավորում է ԱՊՀ տարածքի կոնֆլիկտային գոտիները եւ փաստորեն պահում է չճանաչված հանրապետություններ Հարավային Օսիային, Աբխազիային եւ Մերձդնեստրին (ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ), որոնք հայտարարել են Ռուսաստանի հետ ապրելու մտադրության մասին, Բրյուսելը իր հույսը դրել է դրանց իրավական կենտորնների վրա եւ մեծ հաշվով հոգում է Վրաստանի, Մոլդավիայի, իսկ այժմ նաեւ Հայաստանի դեպի Արեւմուտք կողմնորոշման ծախսերը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: