23 դեկտեմբերի 2015 - 11:59 AMT
Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ ՀՀ-ի 2015-ի լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015-ի լավագույն մարզիկ:

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել է 2015-ի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույններն են՝

1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր 2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ,267 3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265 4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231 5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113 6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107 7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106 8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101 9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99 10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն:

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ․ մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունումհաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։

2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։