24 դեկտեմբերի 2015 - 17:28 AMT
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով 1.463 մարդ բուժօգնություն է ստացել 2015-ին

Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները: Այս մասին, ամփոփելով ծրագիրն, ասել է ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Նա ընդգծել է Stent for life ծրագրի սոցիալական կարևորությունը՝ նշելով, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հիմքում ընկած է առողջապահական հիմնական ցուցանիշների վերլուծությունը և ոլորտում ներկայումս առկա խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունը:

Հայաստանում ընդհանուր մահացության 48%-ը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Առավել մտահոգիչ է, որ տարեցտարի ավելանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը: Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի համապատասխան հրամանով հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման չափորոշիչը։

Ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500 մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500 մլն դրամով:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում 2015-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015-ի 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են:

Հայրապետյանը նկատել է, որ մահացության 3.2% ցուցանիշըգրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։

Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում (9-ը` Երևանում, 2–ը` մարզերում): ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով 2014-ի առաջին կիսամյակի դրությամբ արձանագրվել է 14. 772 մահվան դեպք (9.9 ‰ – 1000 բնկաչի հաշվով) իսկ 2015-ի նույն ժամանահատվածում՝ 14 628 (9.8 ‰ – 1000 բնկաչի հաշվով)։ Նույն աղբյուրի տվյալներով 2014թ. հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015-ինույն ժամանահատվածում՝ 6.928 կամ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով։ Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից մահացությունը կրճատվել է 316-ով։ Ակնկալվում է, որ տարին ամփոփելիս այդ ցուցանիշներն առնվազն կկրկնապատկվեն։

Գլխավոր սրտաբանն ընդգծել է, որ ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ բուժօգնության հնարավորինս արագ կազմակերպումն է։ Ընդ որում, մարզից հիվանդների տեղափոխումը նույնպես իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Հայրապետյանը նաև նշել է, որ հիվանդն իրավունք ունի հրաժարվելու պետության կողմից երաշխավորված ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և նախընտրել դեղապատ ստենտ` վճարովի հիմունքներով։