28 դեկտեմբերի 2015 - 11:32 AMT
Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցները կընդլայնվեն

Ռուսաստանը կընդլայնի Թուրքիայի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Ըստ նրա, Մոսկվան նպատակ չունի հրաժարվելու Անկարայի հետ համագործակցությունից, սակայն հարկավոր է «համարժեք պատասխան տալ թշնամական գործողություններին», հայտնում է ՌԲԿ-ն:

«Կլինեն նաև այլ գործողություններ, որոնց մասին կհայտարարվի, կառավարության նախագահն արդեն ազդարարել է դրանց մասին նիստերում»,-ասել է փոխվարչապետը: Ըստ նրա, ՌԴ իշխանությունները մտադիր են «հետևողական լինել այդ հարցում»:

Անկարայի դեմ գործող պատժամիջոցներն ընդլայնելու մտադրության մասին ավելի վաղ գրել էր «Կոմերսանտը»: Թերթն իմացել էր, որ Մոսկան մտադիր է պատժամիջոցները տարածել նաև պետպատվերի, շինարարական, զբոսաշրջային և հյուրանոցային ծառայությունների ներմուծման, ինչպես նաև փայտամշակման և Թուրքիայում ռուս օդաչուների ուսուցման վրա:

ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունն իր հերթին առաջարկում է արգելել թուրքական արտադրության թեթև արդյունաբերության ապրանքների ներմուծման 70–80%-ը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: