8 հունվարի 2016 - 14:55 AMT
Ամանորյա տոներին շփման գծում հարաբերական անդորրը հիմնականում պահպանվել է

Ամանորյա տոների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաստատված հարաբերական անդորրը հիմնականում պահպանվել է:

Հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60-միլիմետրանոց ականանետ: