8 հունվարի 2016 - 23:32 AMT
Մինչև ձնամաքրման ավարտը կարմիր գծերում առանց վճարելու կայանող վարորդները չեն տուգանվի

2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտը, ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Այդ մասին է հայտարարել Երևանի քաղաքապետարանը:

Բնակիչներից ոմանք ավելի վաղ բողոքել էին, որ Երևանում վերջին օրերին տեղացած առատ ձնից չեն մաքրվել նաև քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը: Վճարովի կայանատեղերի աշխատանքը կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն, իր հերթին, հայտարարել էր Panorama.am-ին, որ կայանատեղերը մաքրելն ընկերության պարտավորությունը չէ: «Քաղաքացին ընկերությանը ոչ մի լումա չի վճարում, այլ վճարում է տուրք կայանատեղիի համար, որը գնում է քաղաքապետարանի բյուջե: Քաղաքապետարանի հետ պայմանագրի համաձայն, մեր ընկերությունը նման պարտավորություն չի ստանձնել», - ասել էր նա: