Հունվարի 13-ին գրիպի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) արձանագրվել է մահվան 2 դեպք, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության, 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ «Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել։ Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին», -նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ հունվարի 13-ին առաջին անգամ սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է արձանագրվել: Մինչ այդ ամեն օր նկատվում էր հիվանդության աճ:
Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, հունվարի 12-ին ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:
Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:
Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է:
Հունվարի 12-ին արձանագրվել է մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հատատվել է H1N1 ենթատեսակը:
Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում մահվան 8 դեպք է գրանցվել՝ H1N1 վիրուսի ախտանիշով: Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, հինգը՝ 2016-ին: Հունվարի 12-ին մահացած 35-ամյա կինը Թալինից էր, նա «Էրեբունի» էր եկել արդեն ծանր վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Հայտնի է, որ մահացած քաղաքացիների մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ:
Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: