Ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանը ժխտում է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից $700.000 շորթելու մեղադրանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Մոսկվայի դատարանի դահլիճից:
«Ես հանցանք չեմ գործել, ես մեղավոր չեմ»,-հայտարարել է մեղադրյալը, երբ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:
700 հազար դոլարի շորթման գործով Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Հայրապետյանի դեմ հարուցված է ևս մեկ գործ: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտի» վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռախիմովը գլխավորել է 3 տարի: «Բաշնեֆտն» այժմ վերադարձվել է պետությանը ծավալուն վճռաբեկ դատավարության արդյունքում:
Ըստ քննության, Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի և անշարժ գույք արտերկրում, մասնավորապես, Մոնակոյում, ինչով էլ հիմնավորվել էր նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: 2015-ի հոկտեմբերի սկզբին Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է` խնդրելով ազատ արձակել նրան:
2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:
Բաշկիրիայից ընտրված նսխկին սենատոր Իգոր Իզմեստևը դատապարտված է ցմահ բանտարկության ահաբեկչության և այլ ծանր հանցանքների համար: