Հունվարի 19-ին Նորվեգիան սկսել է մերձավորարևելյան և ասիական երկրներից փախստականների մեծ խմբի արտաքսումը ՌԴ, որոնք վերջին ամիսներին հատել էին ռուս-նորվեգական սահմանը: Ներգաղթյալների խմբերին հավաքել են Կիրկենես քաղաքի նախկին ռազմակայանում և պատրաստել ավտոբուսներով Ռուսաստան ուղարկելու համար: Ամիսներ առաջ հենց այդ անցակետով էին փախստականները հատել Նորվեգիայի սահմանը:
Քանի որ սահմանն արգելված է ոտքով հատել (ռուսական կողմից) կամ մեքենաներով (նորվեգական կողմից), դա նրանք արել էին հեծանիվներով` գնելով սահմանակետերի հարևանությամբ: Ըստ Նորվեգիայի սահմանապահ ծառայության, այդ ճանապարհով 2015-ին Նորվեգիա է մուտք գործել ավելի քան 5500 փախստական:
Սկզբից իշխանությունները մտադիր էին փախստականներին նույն կերպ հետ ուղարկել` հեծանիվներով, սակայն դա իրավապաշտպանների դժգոհությունն առաջացրեց: Հունվարին Նորվեգիայի իշխանությունները պայմանավորվածության եկան ՌԴ ներկայացուցիչների հետ առ այն, որ ռուսական վիզաներ ունեցողները կհատեն սահմանը ավտոբուսներով:
Խուսափելու համար արտաքսումից, վերջին մի քանի օրերին մոտ 50 միգրանտ է փախել Նորվեգիայի հյուսիսում գտնվող ապաստան հայցողների կենտրոնից:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:
Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: