20 հունվարի 2016 - 10:45 AMT
ՀՀ ԶՈւ զինվորները՝ Վրաստանի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստմանը

Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace - PfP) շրջանակում մեկնարկել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է, դասընթացին, որը տևելու է մինչև փետրվարի 12-ը, մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների 13 զինծառայող։ Վրաստանցի զինծառայողների հետ վերապատրաստվում են նաև Թուրքիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Լատվիայի 13 զինծառայող։

Հայտնի է, որ ձմեռային վերապատրաստման դասընթացը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլն անցկացվելու է Օրփոլո զորավարժարանում, որտեղ մասնակիցները լեռնային պայմաններում կրակային պատրաստություն են անցնելու։ Երկրորդ փուլն անցնելու է Գուդաուրիում, որտեղ էլ ձյան պայմաններում մասնակիցները պայմանականորեն ձնաբքում մնացած մարդկանց փրկելու համար որոնողափրկարարական և տարհանման աշխատանքներ են անելու։

Դասընթացը վարելու են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հրահանգիչները՝ գնահատելով յուրաքանչյուր զինծառայողի առաջադրանքը կատարելու ընթացքում, գրում է Razm.info-ն։

Դեռևս 2007-ից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014-ին հրապարակվել է Սաչխերեում 2007-ից մինչ 2014-ը դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։

Այսպիոսով՝ 2007 Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011-ին՝ 21, 2012-ին՝ 62, 2013-ին՝ 113, 2014-ին 26 զինծառայող։

Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։

Դպրոցը բացվել է 2006-ին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010-ից ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։