«Գազպրոմը», որն առաջարկել էր Թբիլիսիին անցնել արժույթով հաշվարկների Հայաստան գազի տարանցման համար` գործող հումքով հատուցման փոխարեն, սպառնում է ամբողջությամբ դադարեցնել տարանցումը Վրաստանի տարածքով, եթե իշխանությունները հրաժարվեն այդ առաջարկից: Այսպիսի սցենարի դեպքում Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կիրականացվի Իրանից:
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի էներեգտիկայի նախարար Կախա Կալաձեն վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում, գրում է apsny.ge-ն:
«Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման` դուք գիտեք, որ թողարկված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում…Անկասկած, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք այդպիսի պայման դրեցին, մենք ասացինք, որ կտրականապես դեմ ենք, սակայն հանդիպմանը մեզ ուղղակի ասվեց, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ առաքել Իրանի տարածքով»,-ասել է նա:
«Հնարավոր է, առաջին տարում բարդ լինի ամբողջ ծավալով դա անել, սակայն արդեն հաջորդ տարիներին «Գազպրոմը» կօգտվի այդ տեխնիկական հնարավորությունից: Հետևաբար, մենք նախարարությունում վերլուծեցինք այն, թե որքանով է իրական մեզ ներկայացված վերջնագիրը, և պարզեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով մոտ 1 մլրդ խմ գազ առաքել Հայաստան, սակայն որոշ ներդրումների դեպքում ռուսները կկարողանան ամբողջությամբ ապահովել հայկական շուկայի պահանջարկը: Այդպիսի սպառնալիք կա և մեզ համար էներգետիկ տեսակետից հետևանքները շատ ծանր կլինեն»,-հայտարարել է Կալաձեն:
«Գազպրոմն» ու Վրաստանը բանակցում են ՌԴ-ից գազի առաքումների ավելացման շուրջ: Թբիլիսին որպես պատճառ նշում է սպառման աճը Վրաստանում և ադրբեջանական գազի առաքման հետ կապված դժվարությունները: Նաև բանակցություններ են ընթանում ՀՀ տարածքով իրանական գազի մատակարարման մասին:
2015-ի դեկտեմբերին Կալաձեի հետ բանակցություններից հետո «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են Հայաստանի գազամատակարարման հարցը: