20 դեկտեմբերի 2006 - 17:40 AMT
Գլխավորելով ԵՄ-ն` Անգելա Մերկելը վերանայել է Թուրքիային վերջնագիր ներկայացնելու իր մտադրությունը
Դեկտեմբերի 20-ին Հելսինկիում Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանհանենի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պաշտոնապես փոխանցվեցին Եվրամիությունում նախագահության լիազորությունները: «ԵՄ նախագահության պաշտոնավարման ընթացքում Գերմանիան մտադիր է հաղթահարել եվրոպական սահմանադրական ճգնաժամը: Եվրամիության սահմանադրության նախագծի վրա աշխատանքը կլինի գերմանական նախագահության կենտրոնական թեման հաջորդ վեց ամիսներին»,-հայտարարել է Մերկելը իր ֆին գործընկերոջ հետ զրույցում: Նրա խոսքերով, ԵՄ հետագա ընդլայնման կողմնակիցները նունպես պետք է ընդունեն, որ սահմանադրական պայմանագիրն որոշիչ նշանակություն ունի: Բացի այդ, Եվրոպական միությունն արդեն հունվարի առաջին իսկ օրերից պետք է իր կառույցներում ընդգրկի երկու երկիր` Բուլղարիային եւ Ռումինիային, ԵՄ 26-րդ եւ 27-րդ անդամներին: Դրանով, հավանաբար, ԵՄ ընդլայնման հետագա ընթացքը մոտակա ժամանակների համար կդադարի: Բոլոր մյուս ցանկացողներին, օրինակ, Ուկրաինային եւ Վրաստանին կառաջարկվի փոխհարաբերությունների այլ ձեւ: «Լիիրավ անդամակցության հետ միասին պետք է գոյություն ունենա նաեւ որոշ երկրների հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու հնարավորություն, առանց ԵՄ-ին լիիրավ անդամակցություն առաջարկելու: Խոսքը գնում է Ուկրաինայի մասին, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների մասին: Մեր արտգործնախարարությունն ակտիվորեն մասնակցում է բարիդրացիության նոր քաղաքականության մշակմանը»,-նշել է Մերկելը: Գերմանիայի դաշնային կանցլերը հրաժարվել է Թուրքիային վերջնագիր ներկայացնելու իր մտադրությունից, սակայն ինչպես նախկինում կոշտ վարքագիծ է որդեգրել այդ երկրի հանդեպ, հաղորդում է Deutsche Welle-ն: