Թուրքիայից դեպի Եվրոպա Էգեյան ծովով ուղևորվելու ժամանակ մի քանի նավաբեկություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել:
Ինչպես գրում է Newsru-ն BBC-ի վրա հղումով, մասնավորապես, փայտաշեն առագաստանավը կողաշրջվել է Կալոլիմնոս կղզու հարևանությամբ: Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել նավի վրա: Հաջողվել է փրկել 26-ին: Փրկված փախստականներից մեկը պատմել է, որ Եվրոպա տանելու համար նրանից $2500 են պահանջել:
Եվս մի դեպք է տեղ ունեցել Ֆարմականոսի կղզու մոտ, որտեղ փայտաշեն լաստանավը բախվել է ժայռերին: 49 ուղևորից փրկվել է միայն 40-ը: Զոհվածների թվում կա 6 երեխա և 2 կին` նրանց մարմինները հայտնաբերվել են ցամաքում: Մեկ այլ նավաբեկությունը, որը տեղի է ունեցել Դիդիմ հանգստավայրից ոչ հեռու, տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Խեղդվածներից առնվազն երեքը երեխա է: Տարբեր աղբյուրների համաձայն, ընդհանուր առմամբ այս միջադեպերի հետևանքով 40-44 մարդ է զոհվել, որից 17-ը` երեխա:
Միգրանտները Եվրոպա են փախչում Սիրիայից, Իրաքից, Լիբիայից: Ծովով ուղևորվելիս նրանք հաճախ են նավաբեկության զոհ դառնում: Ինչպես գրում է Guardian-ը, International organization for migration կազմակերպության տվյալների վրա հղումով, 2016-ին ծովով Հունաստան և Իտալիա է ժամանել արդեն մոտ 37 հազար փախստական: 2015-ին Միջերկրական ծովում զոհվել է 900 փախստական:
Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: