Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում կրկին զինված բախումներ են ընթանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի աշխատավորների կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքի տեղեկացմամբ՝
Ոստիկաններից, զինվորներից ու քաղաքացիներից կազմված թիմերը ակտիվ պայքար են մղում մասնավորապես Հասըրլը թաղամասում: Նշվում է, որ թուրքական կողմը քուրդ զինյալների բարիկադներն ու խրամատները տանկերից է ռմբակոծում, Zaman-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՔԲԿ-ի զինյալները պատսպարվել են Dört Ayaklı Minare-ի (Դյորթ Այաքլը Մինարե) փողոցում, որտեղ 2015-ին նոյեմբերին փողոցային բախումների ժամանակ սպանվել էր Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին:
Հայտնվում է, որ մոտ 54 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում գրեթե չդադարող բախումների հետևանքով որոշակիորեն տուժել է նաև Սուրում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մտավախություն կա, որ առկա իրավիճակի պատճառով եկեղեցին դեռ ավելի մեծ վնասներ կարող է կրել:
Սուրբ Կիրակոսը Միջին Ասիայի ամենամեծ հայկական եկեղեցին է: 97 տարի կիսավեր մնալուց հետո այս պատմական կառույցը վերանորոգվել և մեծ շուքով վերաբացվել է 2012-ին: Իսկ 2015-ին եկեղեցին արժանացել է Եվրամիության մշակութայի ժառանգության «Մեծ մրցանակին»: